ՈԱԱԿ ուսանող-փորձագետները ներկայումս ընդգրկված են հավատարմագրման գործընթացներում Հայաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում:
Դեկտեմբերի 21-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանում և արտերկրում հավատարմագրման գործընթացների մասնակցող ուսանող-փորձագետների, «Ուսանողության ձայն» նախագծի հերթական դասընթացի շրջանավարտների և ՈԱԱԿ աշխատակազմի հանդիպում, որտեղ ներկայացվեց ուսանող-փորձագետների լավագույն փորձը, քննարկվեցին տարբեր երկրների հավատարմագրման գործընթացների և չափանիշների դրական և բացասական կողմերն ուսանողների դիտանկյունից:
Համեմատելով արտերկրում ձեռք բերած փորձը հայաստանյան փորձի հետ՝ ուսանող-փորձագետները կարևորեցին.
- Նախնական գնահատման դերը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել այցը ՄՈւՀ և համապարփակ ինֆորմացիա հավաքագրել՝ օբյեկտիվ արտաքին գնահատման համար:
- Զեկույցների վերլուծական բնույթը, քանի որ դրա շնորհիվ փորձագետները կարողանում են ՄՈՒՀ-ին կիրառելի և առարկայական խորհրդատվություն մատուցել:
- Չափանիշների և չափորոշիչների հստակությունը, ինչը նվազագույնի է հասցնում սուբյեկտիվությունն արտաքին գնահատման գործընթացում:
- Ուսանողների ավելի լայն մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին, մինչև իսկ նրանց ընդգրկումը հավատարմագրման հանձնաժողովում:
- Հավատարմագրման գործընթացի որոշակի պարզեցումը և գործընթացի ծավալի նվազեցումը:
Ուսանողները քննարկեցին նաև սկզբունքները, որով դիմորդներն առաջնորդվում են մասնագիտություն և ուսումնական հաստատություն ընտրելիս, ուսանողին աջակցող ծառայությունների դերը, կրթության որակի և արժեքի համադրությունը և այլն:
Հանդիպման ավարտին վկայականներ հանձնվեցին ապագա ուսանող-փորձագետներին, որոնք հաջողությամբ ավարտել են ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացը: