«Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկեց ուսանող–փորձագետների պատրաստման հերթական դասընթացը այս անգամ առցանց ձևաչափով՝ խթանելով նաև մարզային բուհերի ուսանողների մասնակցությունը։
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց Նախագծի ստեղծման պատմությունը և գործառույթները, ուսանողների ներգրավվածության ձևաչափերը կրթության որակի ապահովման գործընթացներում։
Դասընթացի մասնակիցները կիսվեցին իրենց մասնակցության մոտիվացիայով։ Հատկանշական է, որ մեծամասնությունը, «Ուսանողության ձայնին» միանալով, ցանկանում է ստանալ համապատասխան հմտություններ և գիտելիքներ իրենց ուսումնական հաստատություններում ու առհասարակ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։
Առաջին հանդիպման ընթացքում ուսանողները քննարկեցին՝ ի՞նչ է կրթության որակը, ի՞նչ է տալիս հավատարմագրումը ուսումնական հաստատություններին, ինչպե՞ս է կազմակերպվում գործընթացը, մեկնաբանվեց՝ ո՞վ է փորձագետը, ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա։
Հաջորդ հանդիպումների ընթացքում ուսանողները կուսումնասիրեն որևէ ուսումնական հաստատության ինքնավերլուծություն փորձագիտական նախնական գնահատման գործընթացի մասին պատկերացում ստանալու համար։ Կծանոթանան հավատարմագրման չափանիշներին և կդիտարկեն որպես օրինակ ուսումնասիրվող ինքնավերլուծությունը հավատարմագրման չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից, դուրս կբերեն հիպոթեզներ ուսումնական հաստատության վերաբերյալ։ Դերային խաղերի միջոցով կպատրաստվեն փորձագիտական այցերին։
Դասընթացի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան նաև քննարկումներ ունենալ ՈԱԱԿ մասնագետների հետ կրթության որակի ապահովման առանձնահատկությունների ու առկա մարտահրավերների վերաբերյալ։