Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի նախաձեռնությամբ հայաստանյան մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ ուսանողներ հանդիպեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին:
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ուսանողներին հուզող հարցերը և դուրս բերել պոտենցիալ թեմաներ, որոնց անդրադարձ կկատարվի 2017-ի փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա շրջանակներում ուսանողներին նվիրված աշխատաժողովին:
Ուսանողները հատկապես կարևորեցին հայաստանյան բոլոր բուհերի ռեսուրսների հասանելիությունը ողջ ուսանողությանը՝ անկախ ուսման վայրից:
Առաջարկվեց քննարկել նաև, թե որքանով է բուհում ուսանողը պատրաստվում աշխատաշուկայի պահանջներին, և ինչ է ընդհանրապես իրենից ենթադրում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետ լինելը: Կարևորվեց ուսման ընթացքում կամավորական ծրագրերում ներգրավվածության հնարավորությունը, ինչը նորաթուխ մասնագետին աշխատանքային փորձով կապահովի:
Քննարկվեց նաև մասնագիտությունների շուկայական պահանջը, և բուհերի դիմորդների մասնագիտական նախընտրությունները, պատճառներն ու հետևանքները:
Ուսանողները պատրաստակամություն հայտնեցին շարունակել քննարկումները, ընդգրկել նաև այլ ուսանողների և Որակի շաբաթվա՝ ուսանողներին նվիրված աշխատաժողովին բարձրացնել արդիական ու բոլորին հուզող հարցեր: