Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով կրթության ապագա կառավարիչների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված ուսանողների հետ շարունակական համագործակցության ապահովումը, հուլիսի 6-ին հերթական հանդիպումն էր կազմակերպել մի խումբ ուսանողների հետ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և կենտրոնի մասնագետներն ուսանողների հետ քննարկեցին մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման և բարելավման գործընթացները։ Հարցուպատասխանի ձևաչափով զրույցի ընթացքում ուսանողները խոսեցին կրթության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու իրենց եղանակների մասին։ ՈԱԱԿ տնօրենն իր հերթին կարևորեց կրթության դերը՝ մանկապարտեզներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև այդ ոլորտում դասախոսական կազմի մանկավարժական կարողությունների պարբերաբար վերազինումը։
Հանդիպման ժամանակ ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին մասնագետներին, հետաքրքրվեցին, թե ինչ գործառույթներ ունի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը և ինչ գործընթացներ է իրականացնում այժմ։ ՈԱԱԿ տնօրենն ու մասնագետները մանրամասն անդրադարձան ՈԱԱԿ գործառույթներին, ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացին, ներկայացրին ՈԱԱԿ-ուսանող համագործակցության ծրագրերը, ուսանող փորձագետների պատրաստմանն առնչվող տեղեկատվությունը։
Նշենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են պարբերական բնույթ։