Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ապրիլի 12-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվեց, թե բուհում որքանով է ներդրված որակի ներքին ապահովման համակարգը, ինչքանով է այն արդյունավետ և ինչպես է նպաստում կրթական գործընթացների բարելավմանը:
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Ինստիտուտի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Քննարկման հիմնական թեմաներն էին.
- Ինստիտուտի կրթական ծրագրերի մշակման և հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան տեղայնացման գործընթացները։
- Գործատուների հետ համագործակցության շրջանակը՝ ուսումնական պրակտիկաների կազմակերպման և կրթական ծրագրերի բարելավման տեսանկյուններից։
- ՊԴ կազմի հավաքագրման և վերապատրաստման գործընթացները։
- Որակի ներքին ապահովման համակարգի զարգացման կարևորությունը տվյալների հավաքագրման և տվյալահենք բարեփոխումների իրականացման համատեքստում։
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետները բուհի ղեկավարությանը ներկայացրին բարելավման առաջնային ուղղությունները: Կարևորվեց որակի ներքին ապահովման համակարգի դերը խնդիրների վերհանման և կրթական գործընթացների շարունակական բարելավման գործում:
Նշենք, նախորդիվ որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկման այց ՈԱԱԿ-ն իրականացրել էր Վ.Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում: