Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում բուհերում ձևավորվել են որակի ներքին ապահովման կարողություններ, ձևավորվել են բարեփոխումների խմբեր, որոնք կաջակցեն բուհերին որակի մշակույթի ամրապնդման և հավատարմագրմանը նախապատրաստվելու գործընթացում։
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում կայացավ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ 7-ամսյա ծրագրի նպատակն էր զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերին ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Ծրագիրը իրականացնում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) UNESCO-ի ֆինանսավորմամբ։ Շահակից բուհերն էին Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հյուսիսային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը։
Ծրագրի շրջանակներում 4 բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, որակի ապահովման մասնագետները, դասախոսները վերապատրաստվել են, քննարկվել են արդյունավետ ինքնավերլուծության իրականացման և փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները, իսկ հաջորդիվ յուրաքանչյուր հաստատությունից երկու մասնագետ ընդգրկվել իր իսկ բուհի արտաքին գնահատման գործընթացում որպես փորձագետ։
Համաժողովի ընթացքում բուհերի ներկայացուցիչները նշեցին, որ բուհերում փորձագիտական ներուժի ձևավորումը նպաստում է որակի ապահովման համակարգի զարգացմանը։ Կարևորվեց նաև, որ ծրագրի շրջանակներում ձևավորվել է համագործակցային և փորձի փոխանակման մթնոլորտ թե ՈԱԱԿ-ի, թե գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ, ինչը նպաստել է ծրագրի հաջողությանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ ծրագրի շնորհիվ բուհերը հաջորդ հավատարմագրմանը կներկայանան շատ ավելի պատրաստ, ձևավորված կարողությունների շնորհիվ վերլուծեն իրենց կրթական ծրագրերը, կկարողանան ընկալելի լեզվով ու ճիշտ շեշտադրումներով ներկայացնել իրենց հաջողությունները։
Պանելային քննարկմամբ անդրադարձ կատարվեց նաև որակի ապահովմանը և դրա բնորոշմանը։ Քննարկման մասնակիցների կարծիքով՝ որակի ապահովումը նման է ձևավորող գնահատմանը՝ շարունակական հետադարձ կապը կարևոր նախապայման է առաջընթացի համար։
Համաժողովի մասնակիցները համամիտ էին, որ որակի ներքին ապահովման կարողությունները զարգացնող ծրագրեր բոլոր բուհերին էլ որոշակի պարբերականությամբ պետք են, որպեսզի կարողանան «ձեռքը պահել որակի ապահովման արագ զարգացող գործընթացների զարկերակին», շարունակաբար ամրապնդեն որակի ապահովման մշակույթն իրենց ուսումնական հաստատությունում, ինչպես նաև տարածեն իրենց հաջողված փորձը։ ՈԱԱԿ-ն, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց համագործակցել նման ցանկություն ունեցող բոլոր ուսումնական հաստատությունների հետ։