Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է ԱՄՆ բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի տարեկան համաժողովին: Այն տեղի կունենա հունվարի 30-ից փետրվարի 1-ը, Վաշինգտոնում: Միջոցառումն այս տարի կրում է «Որակի ապահովումը և հավատարմագրումը. դեպի ապագա» խորագիրը:
Համաժողովի ընթացքում պլենար և սեկցիոն նիստերով կքննարկվի նորարարությունը հավատարմագրման գործընթացում և դրա հեռանկարները, ծրագրային հավատարմագրման դերն ու նշանակությունը, հավատարմագրումը ուսանողների տեսանկյունից, ինչպես է հավատարմագրումը պաշտպանում ուսանողներին և որն է հավատարմագրման դերը: Առանձին զեկույցով կքննարկվի հավատարմագրման դերն ապագայում:
Ընդհանուր համատեքստում անդրադարձ կկատարվի նաև որակի ապահովմանը, հավատարմագրմանը և վարկանիշավորմանը՝ դուրս բերելով ընդհանրությունները և փոխգործակցության հեռանկարները:
Իսկ փետրվարի 1-2-ին տեղի կունենա ԱՄՆ բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի որակի գլոբալ ֆորումը «Որակը և որակի ապահովումը փոփոխվող աշխարհում» խորագրով:
Ֆորումի ընթացքում կդիտարկվեն փոփոխվող աշխարհում որակի ապահովման գլոբալ զարգացումները: Կքննարկվեն բարձրագույն կրթության մարտահրավերները փոփոխվող աշխարհում (միգրացիա, ահաբեկչություն, մամուլի ազատության սահմանափակում, քաղաքական բևեռացում) և դրանց հնարավոր ազդեցությունը համալսարանների միջազգայնացման, ակադեմիական ազատության և շարժունության վրա:
Ուշադրություն կհրավիրվի որակի ապահովման փոփոխությանը ուսուցման վերջնարդյունքի համատեքստում. շատ երկրներում կարևորվում է այն, թե ինչ գիտի և ինչ կարող է անել ուսանողը, այսինքն ուսանողի ձեռքբերումները, որն էլ որակի ապահովման գործընթացում շեշտադրում է կրթական վերջնարդյունքները: Ուստի ֆորումի ընթացքում կքննարկվի, թե որոնք են ուսուցման վերջնարդյունքներն ուշադրության կենտրոնում պահելու արդյունավետ մոդելները:
Գլոբալ ֆորումի ընթացքում կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլերը բարձրագույն կրթության ոլորտում «Կրթություն 2030» հիմնարար փաստաթղթի և Կայուն զարգացման նպատակների համատեքստում:
Անդրադարձ կկատարվի նաև որակի ապահովմանը Չինաստանում և Հնդկաստանում՝ որպես բարձրագույն կրթության առաջատարներ փոփոխվող աշխարհում: