2024թ․-ին բուհերում իրականացվող մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ-ի ուշադրության կենտրոնում են բուհերի որակի ապահովման տարեկան պլանները և ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ շեշտադրվեց ապրիլի 11-ին ՈԱԱԿ-ում բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի բարեփոխումների մասին, կարևորեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերն իրենց բոլոր ՄԿԾ-ների ներքին աուդիտ իրականացնեն՝ արտաքին փորձագետի ներգրավմամբ։ Կրթական ծրագրերի ներքին աուդիտի անհրաժեշտությունն ամրագրված է նաև Հավատարմագրման հանձնաժողովի որոշումներում։
«Մենք վստահում ենք ծրագրերի ինստիտուցիոնալ կառավարմանը, բայց ամեն ծրագիր ունի իր առանձնահատկությունը, և կենտրոնացված որոշումը միշտ չէ, որ աշխատում է ծրագրի մակարդակում»,- ասաց Ռ․ Թոփչյանը։
Նա ընդգծեց ծրագրային հավատարմագրման և ՄԿԾ-ների գնահատման կարևորությունը նաև միջազգային ճանաչման տեսանկյունից․ ՈԱԱԿ-ն ENQA անդամ է, գրանցված է EQAR-ում, իսկ ՈԱԱԿ-ի հավատարմագրումների արդյունքները տեսանելի են DEQAR-ում։ Ծրագրային հավատարմագրումը կարևոր նախապայման է Եվրոպական կրթական տարածքում ՀՀ բուհերի մատուցած կրթության շարունակական ճանաչելիությունն ապահովելու համար։ Քննարկվեցին նաև ծրագրային կլաստերային հավատարմագրման իրականացման հնարավորությունները, բուհերի ՄԿԾ-ների ներքին աուդիտին, արդյունքների արժանահավատությանն առնչվող այլ հարցեր։ ՈԱԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել բուհերին և չափանիշների ու չափորոշիչների մեկնաբանման, և արտաքին փորձագետի ներգրավման հարցում։
Անդրադարձ կատարվեց նաև՝
- Բուհերի որակի ապահովման գործողությունների տարեկան պլաններին, դրանց շեշտադրումներին, արդյունքների վերլուծությանը և կիրառությանը որոշումների կայացման գործընթացում,
- ՄԿԾ ղեկավար-որակի ապահովման մասնագետ համագործակցությանը,
- Դասի պլանավորման կարևորությանը, կիրառվող մեթոդաբանությանը և առկա լավագույն փորձին։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև առաջիկայում «ՄԿԾ բարելավում․ հաջողված փորձի ներկայացում» աշխատաժողովների շրջանակներում ներկայացնել կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ բուհերի նախաձեռնություններն ու դրանց արդյունքները։