Հունիսի 8-ին ՈԱԱԿ-ում մեկնարկեցին «Որակի ապահովման համակարգի ներդրում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով վեցօրյա վերապատրաստումները ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչների համար։
Վերապատրաստման ընթացքում Որակի ապահովման համակարգը դիտարկվում է որպես մեխանիզմ, որը տվյալներ է դուրս բերում որոշումների կայացման համար։ Մասնակիցները ծանոթանում են որակի ապահովման գործիքներին՝ հասկանալու, թե որն է լավագույն տարբերակը կոնկրետ իրավիճակում հավաստի տվյալներ հավաքագրելու համար։
Քննարկման առանցքում է նաև ցուցիչներով կառավարումը, որն աջակցում է հաստատության ղեկավարներին գործընթացների չափելի և արդյունավետ իրականացման համար։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ձեռք են բերում հմտություններ ռազմավարական նպատակներ սահմանելու, ՄԿՈւ հաստատության բոլոր գործընթացները որակի կառավարման՝ ՊԻԳԲ (պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում) շրջափուլով իրականացնելու համար։
Հաջորդիվ մասնակիցները, կիրառելով ձեռք բերած հմտությունները, կազմելու են իրենց աշխատանքային տարեկան պլանները՝ հիմքում դնելով որակի ապահովման գործիքակազմը։