Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները ՈԱԱԿ 2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի հիմնադրույթներն են քննարկել ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի և Հավատարմագրման հանձնաժողովի հետ։
Ընդգծվել են մասնագիտական կրթության ապագա մարտահրավերները, շեշտադրվել է ՈԱԱԿ-ի դերը մեր կրթական համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում, ուրվագծվել է ՈԱԱԿ-ի հայաստանյան և միջազգային գործունեության տեսլականը։
Նշենք, որ ՈԱԱԿ մասնագետները միջազգային փորձագետի հետ համագործակցությամբ մշակել են ռազմավարական ծրագրի նախագիծ։ Արդեն տևական ժամանակ է, քննարկումներ են տեղի ունենում արտաքին և ներքին շահակիցների հետ, որոնց արդյունքում դուրս կբերվեն ռազմավարական հիմնական ուղղությունները, կհստակեցվեն առաջիկա տարիների շեշտադրումները։
Հիմնվելով մշակված նախագծի և շահակիցների հետ քննարկումների արդյունքների վրա՝ համապատասխան աշխատանքային խումբը ՈԱԱԿ ռազմավարական ծրագիրն ավարտուն տեսքի կբերի։ Այնուհետև այն կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։