Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) կայացավ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը, նույն նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ՄԿՈՒԶԱԿ–ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն Վահե Բաբայանը, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը, Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյան և Աբովյանի էներգետիկական պետական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունեց ներկաներին և նշեց․ «Մենք կարևորում ենք կարգերի մշակման աշխատանքներում շահակիցների ներառումը, նրանց համար երկխոսության հարթակի ստեղծումը, և ՈԱԱԿ–ն իր հերթին մշտապես ստանձնել է այդ գործառույթը։ Նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ»։
Այնուհետև ՈԱԱԿ հիմնադրամի իրավաբան Օֆելյա Պետրոսյանը ներկայացրեց հավատարմագրման գործընթացների փոփոխությունների վերաբերյալ կարգի նախնական տարբերակը։
Ծավալվեց քննարկում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման մոտեցումների, չափանիշների վերաբերյալ: ՈԱԱԿ-ը ներկայացրեց առաջարկներ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև հավատարմագրման նոր կարգի տեսլականը և կարգում տեղ գտնող դրույթների հետևանքները։
Հանդիպման հաջորդ հատվածում հարց–պատասխան ձևաչափով մասնակիցները ամփոփեցին քննարկման արդյունքները։