Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն արտաքին գնահատում կիրականացնի Արցախի բուհերում:
Հունիսի 18-19-ին ՈԱԱԿ մասնագետները տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ Արցախում էին, որտեղ հանդիպումներ են ունեցել ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարության ղեկավար կազմի, ինչպես նաև բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դասախոսների և ուսանողների հետ:
Հանդիպումների ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրել են կրթության որակի ապահովման ժամանակակից համակարգը, որակի ապահովման առանձնահատկությունները, արտաքին գնահատման գործընթացը որպես որակի հավաստման և շարունակական բարելավման գործիք:
«Հավատարմագրումը բուհի հասունության վկայականն է, ուստի նախքան հասունության հայտ ներկայացնելը պետք է անցնել մի քանի փուլեր, որոնցից ամենակարևորը ինքնավերլուծությունն է: Այն հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմելու ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների մասին և ըստ այդմ մշակելու տեղայնացված ռազմավարություն»,-կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՈԱԱԿ-ը խորհրդատվություն կմատուցի Արցախի բուհերին որակի ապահովման համակարգ ներդնելու գործընթացում, որից հետո տեղի կունենան նաև արտաքին գնահատումներ:
Արցախում գործող Հավատարմագրման կարգի համաձայն՝ ԱՀ-ում գործող բոլոր բուհերը պետք է դիմած լինեն ինստիտուցիոնալ հավատարմագրման 2019-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Լուսանկարները՝ Արցախի պետական համալսարանի