«Բարձրագույն կրթության որակի ապահովումը» խորագրով փետրվարի 26-ին Երևանում կայացավ միջազգային աշխատաժողով, որը Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս /TAIEX/ ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր ԿԳ նախարարությունը։ Նպատակը եվրոպական երկրներում բարձրագույն կրթության որակի ապահովման ասպարեզում փորձի փոխանակումն էր։ Աշխատաժողովին մասնակցում էին և ելույթով հանդես եկան փորձագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից և Լատվիայից։
Մեր երկրում որակի ապահովման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների մասին խոսեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Նա ներկայացրեց նաև մասնագիտական կրթության որակի ապահովման հայաստանյան հնարավոր մոդելի ՈԱԱԿ տարբերակը։
Բարձրագույն կրթական համակարգում առկա վիճակի վերաբերյալ Ռ. Թոփչյանը նշեց, որ հավատարմագրման նախորդ գործընթացների արդյունքում անհամասեռ դաշտ է ստեղծվել։ Մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում տարբեր են ինչպես բարեփոխումների ընկալումները, այնպես էլ առաջընթացի աստիճանները։ Բազմաբնույթ մոտեցում է ցուցաբերվում նաև կրթական ծրագրերի իրականացմանն ու միջազգայնացման խնդիրներին։ Լուրջ խնդիր կա նաև կրթական ծրագրերի առումով, քանի որ ամբողջ դաշտի համար, որպես չափանիշ, ըստ էության օգտագործվում են պետական ԲՈՒՀ-երի կողմից ներկայացված մասնագիտական ծրագրերը, որոնց համար մշակված չափորոշիչները ևս արդիականությունը կորցել են։ «Չափորոշիչ ստեղծելը միայն բուհի խնդիրը չէ, այն պետք է ստեղծվի և ընդունվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- ասաց Ռ. Թոփչյանը։ Նրա խոսքով, ընդհանրապես հավատարմագրման առաջին փուլի մեխանիզմները և գործիքները կորցրել են իրենց պրակտիկ կիրառությունը։ Գիտելիքահենք տնտեսությունը բուհերի առջև դրել է նոր խնդիրներ. անհրաժեշտ է վերանայել ուսուցման և ուսումնառության մոտեցումները, ուսանողի գնահատման և ուսումնական գործընթացի կառավարման մեթոդներն ու բարձրացնել բուհերի հաշվետվողականությունը։ Որակի ապահովման հիմնախնդիրների առումով ՈԱԱԿ տնօրենը մասնավորապես անդրադարձավ գործատու – բուհ թույլ կապին, բուհական ինքնավարության երբեմն սխալ ընկալմանը, հավատարմագրման շրջափուլային գործընթացի բացակայությանը և այդ առումով անհավասար պայմաններին։
Առկա վիճակից որպես ելք ՈԱԱԿ-ն առաջարկում է սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցության արդյունքում անհրաժեշտ է ձևավորել իրավահավասար դաշտ՝ որակի տարածք և որակի մշակույթ ձևավորելու համար ընդհանրապես վերանայել հավատարմագրման գաղափարը և սկզբունքները։ Որակի պատասխանատուն բուհերն են ու այդ առումով իրենց խնդիրների լուծման համար նրանք նախ պետք է ապահովեն որակի ապահովման ներքին համակարգի սահուն աշխատանքը, իրենց իսկ շահերից ելնելով՝ իրականացնեն ինքնագնահատում՝ կրթական միջավայրի համակողմանի վերլուծությամբ, իսկ գնահատման գործընթացներում անհրաժեշտ է լայնորեն ներգրավել գործընկերների։
Համակարգի հիմնախնդիրների լուծման համար ՈԱԱԿ-ը կարևորում է ուսուցման և ուսումնառության նոր տեխնոլոգիանների ներդնումը։ «Որակի համակարգի «կույր» ներմուծումից խուսափելու առումով, կարծում ենք, չափազանց կարևոր է ազգային փորձագետների բազայի ձևավորումը։ Մի գործընթաց, որը ՈԱԱԿ-ն արդեն մեկնարկել է»,- ասաց Ռ.Թոփչյանը։ Կենտրոնն առաջարկում է նաև ստեղծել հավատարմագրված ծրագրերի գրանցամատյան, ինչը թույլ կտա խուսափել մի շարք հարցերից, ինչպիսիք են պետական նմուշի վկայական տալ-չտալը, հավատարմագրված ծրագրերի մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալը և այլն։ Անհրաժեշտ է վերանայել նաև որակավորումների ազգային շրջանակը՝ ՈԱՇ-ը և ուսումնառության արդյունքներով նկարագրել որակավորումների առանցքային ուղղությունները։
«Մենք կարծում ենք, որ պետք է մեկնարկել երկարաժամկետ հավատարմագրման գործընթաց՝ հաջորդական հետևյալ փուլերով՝ ուսումնառության արդյունքներով մասնագիտական կրթական ծրագրերի նկարագրում, մասնագիտական ծրագրով իրականացվող գործընթացի գնահատում, ենթակառուցվածքային փորձաքննություն և մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրում։ Այս ամենից հետո կարող ենք մտնել հավատարմագրման շրջափուլային գործընթացի»,- ասաց Ռ. Թոփչյանը։
Այսպիսով, Որակի ապահովման ազգային կենտրոնն ակնկալում է հասնել ուսուցման և ուսումնառության արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, որակի ապահովման համակարգի ստուգման, պահպանման, զարգացման և բարելավման հստակ տեխնոլոգիաների և, հետևաբար, որակյալ կրթության ապահովման։