Մարտի 15-18-ը UNESCO Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները աշխատաժողովներ իրականացրեցին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների համար։
Մինչ այդ բուհի ինքնավերլուծություն իրականացնող թիմը վերապատրաստվել էր ՈԱԱԿ-ում, բուհի մի քանի աշխատակիցներ էլ վերապատրաստվել էին որպես փորձագետներ։ Դասընթացներից հետո ուսումնական հաստատությունը SWOT վերլուծություն է իրականացրել։
Աշխատաժողովների ընթացքում քննարկվել է ՀՖՀ SWOT վերլուծությունը, ՈԱԱԿ մասնագետները մատնանշել են ինքնավերլուծության գործընթացի բարելավման հնարավոր ուղղությունները։
Առաջիկայում տեղի կունենա փորձագետների այց ՀՖՀ, որի ընթացքում փորձնական արտաքին գնահատում կիրականացվի՝ հիմքում ունենալով SWOT վերլուծությունը։ Նշենք, որ փորձագետների խմբում ընդգրկված կլինեն նաև բուհի աշխատակիցներ, որոնք հնարավորություն կստանան դիտարկել իրենց ուսումնական հաստատության գործունեությունը որպես արտաքին գնահատող։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։
Ծրագրի ընթացքում գործընկեր բուհերի կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ տեղի կունենան։ Այնուհետև բուհերը SWOT վերլուծություն կիրականացնեն։ Կհաջորդի նախնական գնահատումը և փորձագիտական այցը, որից հետո փորձագետները խորհրդատվական զեկույց կներկայացնեն։
Նախապատրաստական միջոցառումների շնորհիվ կձևավորվի ինքնավերլուծություն իրականացնող արդեն փորձված խումբ, բուհն էլ կկարողանա բուն ինքնավերլուծությունն իրականացնել SWOT վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով արտաքին գնահատողներից ստացած խորհրդատվությունը։
Ծրագրի արդյունքում շահակից բուհերում կբարելավվեն ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի որակի շարունակական բարելավման մշակույթը։