Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ 2016 թվականի գործունեության հաշվետվությունը և Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը:
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը զեկույցով ներկայացրեց Հիմնադրամի 2016 թվականի գործունեության առանցքային կետերը:
Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ նշվեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել Հայաստանում գործող բոլոր խոշոր բուհերը, ինչի արդյունքում ներկայում հայաստանյան ուսանողների շուրջ 90 տոկոսը սովորում է հավատարմագրված բուհերում: ՈԱԱԿ-ի և հավատարմագրված բուհերի քննարկումների արդյունքում ձևավորվել է նաև ծրագրային աուդիտի տեսլականը: Այդ թեմայով քննարկումները շարունակվում են:
ՈԱԱԿ-ը 2016-ի ընթացքում համագործակցել է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ. վերապատրաստվել են 44 ուսումնական հաստատությունների աշխատակիցներ՝ ՄՈՒՀ-երում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման նպատակով:
Հաշվետու տարում Հիմնադրամն իրականացրել և հրապարակել է ՀՀ կրթական համակարգի համակարգային վերլուծություն 2012-2015թթ. համար:
Առանձնապես կարևորվեց միջազգայնացման ուղղությամբ արձանագրված հաջողությունը. ՈԱԱԿ-ը նախորդ տարի անցել է արտաքին գնահատում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից, ինչի արդյունքում արդեն այս տարի Հիմնադրամին շնորհվել է ENQA լիիրավ անդամակցություն:
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց ՈԱԱԿ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հաջորդող քննարկումից հետո հաստատվեց նաև Հավատարմագրման հանձնաժողովի կազմը: Մինչ նիստը Հոգաբարձուների խորհուրդն անհատական հանդիպումներ էր ունեցել Հավատարմագրման հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ:
Նոր ձևավորված Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են.
- Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Սամվել Ավետիսյանը,
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աշոտ Սաղյանը,
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը,
- Հասարակական գիտությունների թեկնածու, Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) գործող նախագահ Սուսաննա Կարախանյանը,
- Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը,
- Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը,
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահին առնթեր հանրային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ Աննա Երզինկյանը,
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը,
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱԱՀ բույսերի գենոֆոնդի և սեկելցիայի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը,
- Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը: