Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն ընդգրկվել է ENQA Առաջնորդության զարգացման ծրագրում: Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ:
2018 թվականից մեկնարկած ENQA Առաջնորդության զարգացման ծրագիրը նախատեսված է ENQA անդամ գործակալությունների` ղեկավար պաշտոն զբաղեցնող և մասնագիտական մեծ պոտենցիալ ունեցող մասնագետների համար։
Ծրագրի նպատակն է կատարելագործել մասնակիցների առաջնորդական հմտությունները, տրամադրել տեղեկատվություն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում զարգացումների մասին և նպաստել միջազգային համագործակցությանը:
Վարդուհի Գյուլազյանն արդեն մասնակցել է հունիսի 5-7-ը Բուդապեշտում տեղի ունեցած առաջին սեմինարին, որը հյուրընկալել էր Հունգարիայի հավատարմագրման կոմիտեն (MAB)։ Առաջին սեմինարի թեման էր «Բարձրագույն կրթության միտումները և զարգացումները որակի ապահովման գործակալությունների համատեքստում»։ Հաջորդ սեմինարները տեղի կունենան Ստոկհոլմում և Քյոլնում՝ անդրադառնալով «Կազմակերպչական մշակույթը բարձրագույն կրթությունում» և «Ֆորմալ և ոչ ֆորմալ առաջնորդությունը որակի ապահովման գործակալություններում» թեմաներին:
Վարդուհին մասնակցում է «Թվային գործիքների (ներառյալ ԱԲ) կիրառումը բարձրագույն կրթության և որակի ապահովման ոլորտներում» նախագծին, որը կղեկավարի NVAO Ֆլանդրիայի գործադիր տնօրեն Աքսել Աերդենը։ Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն հետազոտական նախագիծ։
Առաջնորդության այս ծրագիրը կազմակերպվել է Նիդեռլանդների Թվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի (CHEPS) հետ համատեղ և ներառում է գործնական ուսուցում, դերային խաղեր և նախագծային աշխատանքներ:
Այս հեղինակավոր ծրագրում մասնակցությունը վկայում է Վարդուհի Գյուլազյանի նվիրվածությունը և ՈԱԱԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու որակի ապահովման համակարգը Հայաստանում:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և շնորհակալություն ենք հայտնում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամին՝ ապագային միտված այս կարևոր աջակցության համար: