Ապրիլի 30-ին ՈԱԱԿ մասնագետներն առցանց մշտադիտարկում իրականացրեցին Գորիսի պետական համալսարանում։
ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։
ԳՊՀ-ն ներկայում գտնվում է վերահավատարմագրման փուլում։ Մշտադիտարկման ընթացքում մասնագետների խումբն ուսումնասիրեց նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման գործողությունների ծրագրի առաջընթացը, քննարկվեցին էլեկտրոնային հարցաշարում ներկայացված տվյալները, դիտարկվեցին մասնագիտության կրթական ծրագրերը՝ պարզելու հավատարմագրման ազդեցությունը ԳՊՀ որակի ապահովման համակարգի վրա։ Մանրակրկիտ անդրադարձ տեղի ունեցավ նաև առցանց ուսուցման որակի ապահովմանը, ի հայտ եկած խնդիրներին, ռիսկերի կառավարման բուհի մոտեցումներին։
Նշենք, որ մշտադիտարկման ընթացքում առցանց հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցչների, ինչպես նաև որակի ապահովման պատասխանատուների հետ։