Դեռևս չհավատարմագրված բուհերի մշտադիտարկման շրջանակներում այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն այցելել են Երևանի մենեջմենթի համալսարան։
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Անի Մկրտչյանը հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել է, թե ինչ ռազմավարությամբ է բուհն առաջնորդվում, ապագայի ինչպիսի տեսլական ունի, ինչպես և ինչ սկզբունքով են կազմվում և փոփոխվում կրթական ծրագրերը, ինչպես են համագործակցում գործատուների հետ, որքանով են կրթական ծրագրերում հաշվի առնում գործատուների և ուսանողների կարիքները, ինչ քայլեր են ձեռնարկվում կրթության որակի ապահովման ուղղությամբ։ Իրենց մատուցվող կրթության, բուհի ուժեղ և թույլ կողմերի մասին իրենց տեսակետն են հայտնել նաև ուսանողները։
Ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել Հայկական բժշկական ինստիտուտում և Ավանդական բժշկության համալսարանում։
Մշտադիտարկման նպատակն է ծանոթանալ այդ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին, և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։