Ֆինլանդիայի Օուլուի եւ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանները հոկտեմբերի 17-21 համատեղ կազմակերպել են սեմինարների շաբաթ, որն ուղղված է կրթության կառավարման եւ թափանցիկության ապահովման հիմնահարցերին եւ այդ ոլորտում փորձի փոխանակմանը:
Հոկտեմբերի 19-ի քննարկմանը ելույթ ունեցան նաեւ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը եւ ՈԱԱԿ-ի քաղաքականության մշակման ու իրականացման վարչության պետ Սուսաննա Կարախանյանը: Ռ. Թոփչյանն իր խոսքում անդրադարձավ հայաստանյան կրթական բնագավառում առկա իրավիճակին, կրթության որակի շուրջ հասարակությունում եւ կրթական համակարգում առկա անհամաձայնությանը եւ դրա հնարավոր լուծումներին` որպես առաջնային խնդիր դիտարկելով այն, որ ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող կրթությունը պետք է հասկանալի լինի բոլոր շահակիցներին:
Ս. Կարախանյանը խոսեց հավատարմագրման գործընթացի եւ դրա անհրաժեշտության մասին, ինչպես նաև անդրադարձավ որակի ապահովմանը եւ ուսուցման գործընթացում վերջնարդյունքի կարևորությանը: Այս համատեքստում Ս. Կարախանյանը ներկայացրեց «որակ - որակի ապահովում - վերջինիս դրսեւորումներ»-ի միջեւ գոյություն ունեցող առնչությունները, դրա ապահովման ճանապարհին առկա մարտահրավերները եւ կրթական համակարգի ներկա իրավիճակը: Որպես ներկայիս կրթական համակարգում տիրող կարեւորագույն խնդիր` նշվեց, որ ուսումնական ծրագրերում հստակ արտացոլված չեն ուսուցման վերջնարդյունքները: Ս. Կարախանյանը կարեւորեց նոր մոտեցումների մշակման եւ կիրառման հրատապությունը: Որպես հիմնական ուղերձ արտասահմանցի փորձագետներին` նշվեց, որ վերջիններս հայաստանյան մասնագետներին ուղղորդեն նշված խնդիրների լուծման ճանապարհին: Ելույթը եզրափակեց Ռ. Թոփչյանը, որը ներկաների ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. կրթական համակարգի բարելավումը և առկա խնդիրների լուծումը ոչ թե կարճաժամկետ ծրագիր է, որի ավարտից հետո վստահաբար կարելի է խոսել որակյալ կրթության մասին, այլ շարունակական գործընթաց: Ռ. Թոփչյանը նշեց, վերջինիս կարող են աջակցել նաեւ արտասահմանցի փորձագետները՝ մասնակցություն ունենալով ԲՈՒՀ-երի հաջորդ ինքնավերլուծության գործընթացին:
Աշխատանքային քննարկմանը ելույթ ունեցան նաեւ Օուլուի համալսարանի ներկայացուցիչներ Է. Ջերոնան, Ռ. Կորկեամակին եւ այլք: Նրանք անդրադարձան կրթական համակարգի կառավարման եւ թափանցիկության ապահովման ռազմավարություններին, կատարված հետազոտություններին, հնարավոր մոտեցումներին եւ առաջարկներին, կրթության որակին, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացին: