Դեկտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանում կայացավ «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում» թեմայով քննարկումը, որին ելույթով հանդես եկան ՈԱԱԿ աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը և Անի Մկրտչյանը։
Հանդիպման նպատակն էր ՀՀ բարձրագույն կրթական համայնքի ներկայացուցիչներին իրազեկել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ աշխատանքային խմբերի ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։
«Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր բացման խոսքում նշեց, որ նմանօրինակ հանդիպումները և հաշվետվողականությունը չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու ու առաջիկա անելիքները հստակեցնելու տեսանկյունից։
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Էլինա Ասրիյանը կարևորեց Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ լինելու փաստը՝ նշելով, որ այդ գործընթացում երկիրը ներկայանում է աշխատանքային տարբեր խմբերով:
ԵԲԿՏ Որակի ապահովման թեմատիկ խմբի ՀՀ ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը և ԵԲԿՏ Որակավորումների շրջանակի թեմատիկ խմբի ՀՀ ներկայացուցիչ Անի Մկրտչյանը ներկայացրին իրենց զեկույցները՝ «Որակի ապահովման համակարգի զարգացման միտումները և նորարարական մոտեցումները ԵԲԿՏ–ում» և «Որակավորումների շրջանակը վստահության ձևավորման, թափանցիկության ապահովման և բազմազանության խթանման համար» թեմաներով։
Ելույթի շրջանակներում ՈԱԱԿ աշխատակիցները անդրադարձան․
- աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին, գործուղությունների ճանապարհային քարտեզին,
- միկրոորակավորումների ճանաչմանը և դրանց որակի ապահովման մեխանիզմների մշակմանը,
- որակի ապահովման գործընթացների թվայնացմանը,
- համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ադապտացմանը,
- որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը,
- կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը։
Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես են եկան նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ԵԲԿՏ «Ուսումնառություն և դասավանդում» խմբի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը։
Ամփոփելով «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հորդորեց բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կապահովեն կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումներին ուղղված գործընթացների թափանցիկությունը: