Որքանո՞վ է ՄՈՒՀ-ը սովորող կառույց, արդյո՞ք վարչարարությունը և ՄԿԾ-ների կառավարումն իրականացվում է ՊԻԳՊ շրջափուլով, որքանով են ընթացիկ գործողությունները բխում ՄՈՒՀ-ի առաքելությունից և ռազմավարությունից․ այս և այլ հարցեր են հավատարմագրման նախապատրաստվող քոլեջներում ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկման ուշադրության կենտրոնում։ ՈԱԱԿ մասնագետները և փորձագետները դիտարկում են ՄՈՒՀ-ի գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 տիրույթներում՝ հատկապես կարևորելով առաքելություն և նպատակ, կառավարում և վարչարարություն չափանիշները, քանի որ այս երկու տիրույթների գործընթացների արդյունավետությունից է կախված մնացած բոլոր տիրույթների արդյունավետությունը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հուլիսի 8-ին մշտադիտարկում իրականացրեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, իսկ հուլիսի 10-ին՝ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։
Մինչ այս քոլեջները SWOT վերլուծություն էին իրականացրել ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների տիրույթների։ Իսկ ՈԱԱԿ-ը յուրաքանչյուր քոլեջից երկուական մասնագետ էր վերապատրաստել որպես փորձագետ՝ այժմ նրանց մասնակից դարձնելով իրենց իսկ ուսումնական հաստատության մշտադիտարկմանը։
ՈԱԱԿ մասնագետները և փորձագետները առցանց հանդիպումներ և քննարկումներ ունեցան քոլեջների ղեկավարության, դասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի և SWOT վերլուծություն իրականացրած խմբի հետ։
Նպատակն է մատնանշել ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բարելավման հիմնական տիրույթները՝ նախապատրաստելով նրան բուն ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Մշտադիտարկումից հետո քոլեջները, ներգրավելով նաև մշտադիտարկմանը որպես փորձագետ մասնակցած իրենց աշխատակիցներին, հաշվի առնելով ձեռք բերված փորձը և ստացած խորհրդատվությունը, կսկսեն ինքնավերլուծություն իրականացնել, որից հետո արդեն կդիմեն հավատարմագրման։
Նշենք, որ քոլեջների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը նորություն է, ուստի ՈԱԱԿ-ը մինչև բուն հավատարմագրումը սերտորեն աշխատում է քոլեջների հետ՝ նախապատրաստելու նրանց հավատարմագրմանը։