Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մարտի 4-15 ընկած ժամանակահատվածում որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկումներ իրականացրեց հավատարմագրման նախապատրաստվող Երևանի թեթև արդյունաբերության, Վայոց ձորի տարածաշրջանային, Աբովյանի էներգետիկական, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում:
Մշտադիտարկմանը նախորդող ժամանակահատվածում քոլեջները SWOT վերլուծություն էին իրականացրել հավատարմագրման 10 չափանիշներով: Մշտադիտարկմանը որպես փորձագետ մասնակցել են քոլեջների երկու աշխատակիցներ, որոնք որպես արտաքին գնահատող դուրս են բերել իրենց քոլեջի ուժեղ և թույլ կողմերը և հետագայում մասնակից կդառնան և բարելավման գործընթացներին, և ինքնավերլուծության իրականացմանը։
ՈԱԱԿ մասնագետները և քոլեջների ներկայացուցիչներն առցանց հանդիպումների ընթացքում ուսումնասիրել են, թե որքանով է այդ ՄՄՈՒՀ-երում ներդրված որակի ապահովման համակարգը, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ուսումնական հաստատությունում, ինչպես են համագործակցում գործատուների հետ։
Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել յուրաքանչյուր քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև դասախոսական կազմի և ուսանողների հետ։
ՈԱԱԿ-ը մարտի 19-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել նաև Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում:
ՈԱԱԿ մասնագետները առցանց հանդիպումների ընթացքում ուսումնասիրել են, թե որքանով է բուհում ներդրված որակի ապահովման համակարգը, ինչպես է այն գործում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ուսումնական հաստատությունում։
Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։