Տեղի ունեցավ առցանց հանդիպում մշտադիտարկված բուհերի որակի ներքին ապահովման պատասխանատուների հետ։ Հանդիպման նպատակն էր գնահատել մասնագիտական ուսումնական հաստատություններում մշտադիտարկումների ազդեցությունը որակի ներքին ապահովման համակարգերի և կրթական ծրագրերի բարելավման գործընթացների վրա։ ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանի այն հարցին, թե ինչ է տվել մշտադիտարկումը բուհերին, մասնակիցները նշեցին՝ այն նման է հավատարմագրմանը, բայց օգնում է ժամանակին բացահայտել ուսումնական հաստատության թույլ կողմերը և բարելավում է որակը մինչև բուն հավատարմագրման գործընթացը։ Մշտադիտարկումների արդյունքում բուհերը կարողացել են բարելավել շահակիցների հետ հարաբերությունները, փորձել են ուսանողներին ներառել որակի ներքին ապահովման գործընթացներում՝ նրանց մասնակից դարձնելով ինքնավերլուծություն իրականացնելու աշխատանքներին և վերանայել են որոշ ընթացակարգային փաստաթղթեր։
Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից իրականացվող մշտադիտարկումները գործընկերային բնույթ են կրում և կոչված են վերհանելու բուհի ուժեղ և թույլ կողմերը, ուշադրություն հրավիրելու առկա խնդիրների վրա և մատնացույց անելու բարելավման հնարավոր ուղղությունները։
Նշենք, որ հոկտեմբերի մեկին նախատեսված է հանդիպում իրականացնել մշտադիտարկված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման պատասխանատուների հետ: Այս հանդիպումները և շահակիցների առաջարկությունները կնպաստեն մշտադիտարկումների ունեցած ազդեցությունը հասկանալուն և կիրառվող գործիքակազմը բարելավելուն: