«Հավատարմագրման գործընթացը և ինքնավերլուծության իրականացումը օգնում է ուսումնական հաստատությանը բացահայտելու իր ուժեղ և թույլ կողմերը, դառնալու առավել մրցունակ և վստահելի արտաքին և ներքին շահակիցների համար՝ բարձրացնելով ուսումնական հաստատության հեղինակությունը»․ ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ «ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովի առաջին հանդիպումը։
Առաջիկայում հավատարմագրվող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մասնակցում են ՈԱԱԿ–ի կողմից կազմակերպված աշխատաժողովին, որի նպատակն է նախապատրաստել ուսումնական հաստատություններին հավատարմագրման գործընթացներին։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ ուսումնական հաստատություններից սպասում են հասնակալի և պարզ լեզվով շարադրված, խնդիրները բարձրաձայնող և լուծման ուղիները մատնանշող ինքնավերլուծություններ։
Առցանց աշխատաժողովի հաջորդ հատվածում ՈԱԱԿ մասնագետներ Մերի Բարսեղյանը և Անահիտ Տերտերյանը ներկայացրին հավատարմագրման գործընթացի փուլերը, չափանիշները, չափորոշիչները և դրանց մեկնաբանությունները։
Աշխատաժողովը նախատեսված է իրականացնել 4 օր, որի ընթացքում ՈԱԱԿ-ը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կփորձի ձևավորել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մոտ ինքնավերլուծություն իրականացնելու կարողություններ՝ նախապատրաստելով առաջիկա հավատարմագրումներին։