Հունիսի 16-17-ին Երևանում տեղի ունեցավ «Դասավանդման և ուսումնառության արդյունավետության գործիքներ» թեմայով սեմինարը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, կրթության կառավարիչներ, հեղինակավոր միջազգային փորձագետներ:
Միջոցառման հյուրերին ողջույնի խոսք հղեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Նա մատնանշեց բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնք բնորոշ են ողջ կրթական համակարգին, և կարևորեց սեմինարը, որը կոչված է լուծումներ առաջարկելու այդ խնդիրներին:
Պարոն Թոփչյանը նշեց`կարևոր է, որ բուհերի ստրատեգիական կառավարման արդյունավետությունը չափելի լինի, ինչպես նաև ուսումնական հաստատություններում որակի կառավարումը հասնի մինչև ուսումնական գործընթաց:
Մյուս կարևոր խնդիրն, ըստ ՈԱԱԿ տնօրենի, չափելի վերջնարդյունքների սահմանումն է, ինչպես նաև կապը ուսուցման և գնահատման գործընթացների միջև:
Ռ. Թոփչյանի խոսքով`առկա խնդիրների լուծման հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով, իսկ նմանատիպ սեմինարները հենց երկխոսություն են ապահովում ՈԱԱԿ-ի, բուհերի և միջազգային փորձագետների միջև:
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ (NVAO), Եվրոպական հավատարմագրման կոնսորցիումի (ECA) կառավարման խորհրդի անդամ, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) բարձրագույն կրթության որակի ապահովման աշխատանքային խմբի անդամ, պրոֆեսոր Լյուսյեն Բոլերը և Իռլանդիայի Քորք համալսարան-քոլեջի դասախոս, դոկտոր Դեկլան Քենեդին:
Պրոֆեսոր Բոլերն իր ելույթներում անդրադարձավ նոր մարտահրավերներին և գլոբալ տնտեսության պահանջներին համապատասխանող բարձրագույն կրթութան ժամանակակից տեսլականին, ապա ներկայացրեց, թե ինչպես տեսլականը կարող է դառնալ գործող առաքելություն և ռազմավարություն: Նա նաև ներկայացրեց, թե ինչ չափելի կատարողականի ցուցիչներ են անհրաժեշտ ռազմավարական ծրագիրը գնահատելու համար:
Դոկտոր Քենեդին անդրադարձավ կրթական վերջնարդյունքներին, եզրույթների միջազգայնորեն ընդունված սահմանումներին ու մեկնաբանումներին, կրթական վերջնարդյունքներ գրելու մոտեցումներին, որից հետո ներկայացված մոտեցումներն ու մեթոդաբանությունը կիրառվեցին գործնական աշխատաժողովի ժամանակ:
Երկօրյա միջոցառումն ամփոփելով`ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ մասնակիցները ակտիվ են, և տեսանելի է յուրաքանչյուր ուսումնական հաստատության ձգտումը`լուծում գտնել իր խնդիրների համար:
Երկօրյա սեմինարը կազմակերպել էին «Էրասմուս+» ազգային գրասենյակը և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմը: Միջոցառման համակազմակերպիչներն էին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Գեղարվեստի պետական ակադեմիան: