Ի՞նչ հնարավորություններ են ստեղծվել Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայի (DEQAR) գործարկմամբ, ինչպե՞ս կարող է DEQAR-ը նպաստել կրթական արդյունքների ճանաչմանը և ուսանողների շարժունությանը, ինչպե՞ս են կիրառվում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշները և ուղենիշները (ESG)՝ ըստ DEQAR-ում հրապարակված զեկույցների հիման վրա իրականացված հետազոտությունների։
Այս և մի շարք այլ հարցեր են քննարկվելու հոկտեմբերի 7-8-ին Մադրիդում ընթացող Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) ընդգրկված կազմակերպությունների համաժողովըում։ Այն կրում է «Որակի ապահովումից դեպի ճանաչում և շարժունություն» խորագիրը։
Էրազմուս + ծրագրի շրջանակներում կազմակերպվող համաժողովի նպատակն է խթանել գործընկերային հաղորդակցությունը և փորձի փոխանակումը կազմակերպության անդամ հավատարմագրման գործակալությունների, որակի ապահովման ոլորտում քաղաքականություն մշակողների, հետազոտողների միջև, վեր հանել լավագույն փորձը, հստակեցնել DEQAR-ի հետագա զարգացման հնարավորությունները։
Համաժողովին մասնակցում են EQAR-ում գրանցված կազմակերպությունները, DEQAR-ի գործընկերները, հետազոտողներ և այլն։ Համաժողովին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի։
ՈԱԱԿ-ը գրանցված է EQAR-ում 2017 թվականից ի վեր, իսկ մեր արտաքին գնահատման արդյունքներն անգլերենով հասանելի են DEQAR-ում։