Հունիսի 26-29-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց է իրականացնում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Արմեն Հարությունյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Զարգացման գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ։ Փորձագիտական խմբի անդամներն են Նարինե Սիրականյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի» ծրագրերի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, Հռիփսիմե Մարոնյանը՝ Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գեղարվեստական Կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս, «Մարոնյան նորաձևության ստուդիոյի» տնօրեն։
Գործընթացում որպես ուսանող փորձագետ ընդգրկված է Մերի Հովսեփյանը՝ Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Դերասանական արվեստ» բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Նախորդ շաբաթ փորձագիտական խումբն իրականացրել է ռեսուրսների դիտարկում և մասնակցել է ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությանը։ Երեկ՝ հունիսի 26-ին՝ փորձագիտական այցի առաջին օրը, հանդիպումներ են կայացել քոլեջի տնօրենի, տնօրենի տեղակալների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, Կառավարման խորհրդի, շրջանավարտների և գործատուների հետ։
Գործընթացի շրջանակներում այսօր փորձագիտական խումբը մասնագիտական հանդիպում-քննարկումներ է ունեցել «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Դիզայն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ։