Հունիսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի «Եվրասիա» միջազգային համալսարան։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կարեն Թռչունյանը՝ ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ Փորձագիտական խմբի անդամներն են Աիդա Թադևոսյանը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի Իրավագիտություն ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արմենուհի Սարգսյանը՝ Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։ Գործընթացում որպես միջազգային փորձագետ ընդգրկված է Հանս-Յուրգեն Դուխշտայնը՝ Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իսկ ուսանող փորձագետն է Եվրոպական համալսարանի Կառավարման մագիտրանտ Սերգեյ Աբրահամյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը խումբը հանդիպում-քննարկումներ ունեցավ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ռազմավարական ուղղություններով նախագծերի ղեկավարների, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները բուհի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ:
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Կառավարում», «Իրավագիտություն, «Ֆարմացիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը երկրորդ անգամ հավատարմագրվել է 2019 թվականին՝ 4 տարի ժամկետում։