Հոկտեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացի շրջանակներում Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում է։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Եվրոպական համալսարանի ֆիանսներ ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի պրակտիկայի բաժնի վարիչ, որակի կառավարման հանձնաժողովի նախագահ, դասախոս Աշոտ Ալեքսանյաը, ՀԱՊՀ, Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա ֆակուլտետի դեկանի տեղակալ, դասախոս Էլեն Հարությունյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Մարինե Նադոյանը։
Փորձագիտական խմբի աշխատանքը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության բաժնի մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհուրդի, գործատուների և շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն հանդիպում-քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ։
2020 թ․ սկսած ՈԱԱԿ–ը ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլի մեկնարկին ընդառաջ շահակիցների հետ հանդիպումների շարքում ներառել է հատուկ քննարկում-զրույցներ գործընթացի շրջանակներում դիտարկվող մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ: Շահակիցների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվում է մասնագետ պատրաստելու ողջ հետագիծը ուսանողներին տրվող հանձնարարակաների, դասալսումների, պրակտիկաների և ավարտական աշխատանքների դիտարկման, հանդիպումների միջոցով: Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբը մասնագիտական քննարկում-հանդիպումներ կունենա «Հաշվապահական հաշվառում», «Փոխադրումների կազմակերպում և կառավարում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: