Ինչպե՞ս կիրառել ձևավորող գնահատման հնարավորությունները և նպաստել գործատուի համատեքստը ճանաչող շրջանավարտների պատրաստմանը՝ աշխատաշուկան համալրելով կարողունակ և մրցունակ մասնագետներով. այս ուղղությամբ Հայաստանը խորհրդատվություն կստանա 15 երկրների հեղինակավոր փորձագետներից:
Այս տարի Հայաստանը կհյուընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը, որի շրջանակներում կիրականացվի ՀՀ ՄԿՈՒ համակարգի գործընկերային արտաքին գնահատում՝ ուշադրության կենտրոնում ունենալով սովորողի ձևավորող գնահատումը և գործատուների հետ համագործակցությունը:
Փետրվարի 21-23-ին Հայաստանում է ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի ղեկավար Մունիր Բաատին: Այցի ընթացքում ԵԿՀ ֆորումի ղեկավարը հանդիպումներ ունեցավ ՈԱԱԿ-ի, ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գործատուների և քոլեջների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով մայիսին սպասվող գործընկերային գնահատման գործընթացը և շահակիցների համագործակցության շրջանակը:
Պարոն Բաատիի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորեց ԵԿՀ ֆորումի գործընկերային գնահատումը՝ որպես ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների միջոց: «ՄԿՈՒ ոլորտում կոնցեպտուալ նոր կարգավորումներ սահմանող օրենքի հաստատման փուլում ենք հիմա: Օրենքը ՄԿՈՒ հաստատությունների որակի նոր չափանիշներ է սահմանելու, այդ թվում և գործատուների առավել ակտիվ ներգրավման առումով: Եվ այս գնահատումը ևս կօգնի, որ հասնենք այն արդյունքին, որն ակնկալում ենք ունենալ օրենքի ընդունման շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:
Տիկին Սվաջյանը շեշտեց՝ ակնհայտ է, որ ՄԿՈՒ ոլորտում ունենք կրթության որակի բարելավման խնդիր: Նպատակ է դրված նաև վերանայել մասնագիտությունների ցանկը. «Վստահ եմ, որ ԵԿՀ մանրակրկիտ հետազոտությունը մեզ ցույց կտա՝ ինչ փոփոխությունների կարիք ունենք»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ կարևորելով քոլեջ-գործատու համագործակցության բարելավումը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտեց՝ ԵԿՀ ֆորումը հյուրընկալող ամեն երկիր ինքն է որոշում, թե որակի ապահովման որ ոլորտի վերաբերյալ է հատկապես ցանկանում բարելավման խորհրդատվություն ստանալ: «Մենք ցանկանում ենք ստանալ խորհրդատվություն, թե ինչպես բարելավել գնահատման համակարգը քոլեջներում և այդ գործընթացում ներգրավել գործատուներին, որպեսզի գնահատումը համապատասխանի գործատուների պահանջներին: Սա բխում է նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման ռազմավարությունից»,- ասաց պարոն Թոփչյանը:
Մունիր Բաատին կարևորեց, որ ՈԱԱԿ-ը գործընկերային գնահատման համար յուրահատուկ ուղղություն է ընտրել՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային փորձագետների խորհրդատվության շնորհիվ շոշափելի ձեռքբերումներ կարձանագրվեն:
Նշենք՝ ԵԿՀ անդամ 15 երկրները ներկայացնող փորձագետները նախ կուսումնասիրեն ՈԱԱԿ-ի զեկույցը ՀՀ ՄԿՈՒ ոլորտի մասին, կծանոթանան համակարգի SWOT վերլուծությանը, ապա Հայաստան կայցելեն մայիսի 21-23-ին: Այցի ընթացքում նրանք հանդիպում-քննարկումներ կունենան ոլորտային նախարարությունների, գործատուների, ՈԱԱԿ-ի և պետական ու մասնավոր քոլեջների ներկայացուցիչների հետ: Այցից հետո բարելավման խորհրդատվություն կտրամադրեն, որի իրագործումը կնպաստի ՀՀ-ում ՄԿՈՒ համակարգի բարելավմանը և հզորացմանը:
Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակի ապահովման ֆորումը գործարկվել է 2017թ․ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից (ԵԿՀ): Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման գործընթացներ իրականացնող 16 ազգային կառույցների միջև: Նպատակն է աջակցել անդամ երկրներին միջազգային համագործակցության միջոցով արդիականացնելու և բարելավելու ՄԿՈՒ համակարգի որակի ապահովման գործընթացը, որն իրագործվում է անդամ երկրների ՄԿՈՒ համակարգի գործընկերային գնահատման միջոցով:
Ակնկալվում է, որ մայիսին սպասվող փորձագիտական գործընկերային այցը Հայաստան կնպաստի ՀՀ ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման արդիականացմանն ու բարելավմանը և Հայաստանում առկա լավագույն փորձի միջազգայնացմանը: