«People Meter» մամլո ակումբի հունվարի 31-ի հյուրն էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռ. Թոփչյանը: Ասուլիսի թեման էր ՀՀ կրթության որակը, առկա իրավիճակը եւ հեռանկարները:
Ռ. Թոփչյանը ներկայացրեց Բոլոնիայի գործընթացը և այդ համատեքստում որակի ապահովման համակարգի ստեղծումը, համաձայն որի` կրթության որակի ապահովումը բոլոր երկրներում պետք է լինի համարժեք չափանիշներով եւ մոտեցումներով: Նոր կարգով հավատարմագրումը երաշխիք կլինի հասարակության համար, ըստ որի բուհերը կապահովեն որակի նվազագույն շեմը եւ կունենան անընդհատ կատարելագործվելու բավարար մեխանիզմներ: Հավատարմագրման գործընթացը ենթադրում է, որ ուսումնական հաստատությունները պետք է հիմնավորեն, որ տրված կրթությունը համապատասխանում է ազգային եւ միջազգային չափանիշներին:
Ռ. Թոփչյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը լայնածավալ գործընթաց էր սկսել մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման նոր կարգի և չափանիշների մշակման համար: Նա ներկայացրեց ՀՀ կառավարության հաստատած չափանիշների եւ չափորոշիչների հիման վրա 2011 թվականին մեկնարկած փորձնական հավատարմագրման գործընթացը ՀՊՄՀ-ում եւ ԵՃՇՊՀ-ում: Բանախոսը փաստեց, որ դեռեւս կան բազմաթիվ մարտահրավերներ կրթության որակի ձեւավորման մշակույթի ստեղծման ճանապարհին. հաստատությունների հաշվետու լինելու եւ ոչ վերլուծական մոտեցումը գործընթացին, շրջանավարտին ոչ բավարար հետեւելը հասկանալու համար` արդյոք տրված գիտելիքները կիրառական են եւ աշխատաշուկային համապատասխան, բուհերում առկա մասնագիտացումները ինչ կիրառական նշանակություն ունեն, փորձառու դասախոսների առկայությունը, փորձագետների խիստ պակասը, ուսանողների մոտիվացիան պահպանելու ոչ բավարար մեխանիզմները:
Ռ. Թոփչյանը նշեց, որ թեեւ ուսումնական հաստատություններն ունեն բավական անելիք, սակայն իրատեսական է, որ գործընթացով լուրջ զբաղվելու դեպքում շուտով կունենանք կրթության որակը ապահովող, որակի համար պատասխանատվություն կրող եւ միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական ուսումնական հաստատություններ: