Հոկտեմբերի 16-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։
Խմբի անդամներն են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դասախոս, բժ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Էլեոնորա Ղազարյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի Հագուստի մոդելավորում և նախագծում ամբիոնի դասախոս Օլյա Ավետիսյանը, իսկ ուսանող փորձագետն է Հայկական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Թամարա Պետրոսյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության բաժնի մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Մինչ այցը՝ նախնական գնահատման փուլում, փորձագետներն ուսումնասիրել են ուսումնական կենտրոնի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ են ունեցել ուսումնական կենտրոնի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:
Փորձագիտական այցի երրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան «Խոհարարական գործ» , «Ատամնատեխնիկական գործ, «Կարի արտադրության տեխնոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով ուսումնական հաստատության գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: