Հոկտեմբերի 16-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Սևանի բազմագործառութային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Քրիստինե Հակոբյանը: Խմբի անդամներն են ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Օլեգ Գևորգյանը, ՀԱՊՀ դասախոս, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետի դեկանի տեղակալ Էլեն Հարությունյանը, ՀՊՏՀ Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ալբերտ Թադևոսյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետներն արդեն հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների, դասախոսների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների, հետ: Այցի շրջանակներում կիրականացվեն նաև դասալսումներ և ռեսուրսների դիտարկումներ, տեղի կունենան հանդիպումներ ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Փորձագիտական այցի երրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Սևանի բազմագործառութային պետական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: