Սեպտեմբերի 30- հոկտեմբերի 2-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս Գագիկ Քթրյանը։ Խմբի անդամներն են աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՇՊՀ Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհի Արևիկ Հովհաննիսյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Այցի մյուս օրերին նախատեսված են հանդիպումներ ամբիոնների վարիչների, որակի պատասխանատուի, դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Բաց լեռնային աշխատանքներ », «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Օգտակար հանածոների հարստացում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: