Սեպտեմբերի 16-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացրել պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Այսա Սիմոնյանը: Խմբի անդամներն են Երևանի հենակետային բժշկական քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Գոհար Սարգսյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի որակի ապահովման պատասխանատու Շուշանիկ Ասրյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհի Անգելինա Տոնոյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության ղեկավար Անահիտ Ութմազյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների, դասախոսների, ուսանողների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ: Փորձագետները նաև իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Ատամնատեխնիկական գործ», «Կոսմետիկա, դիմահարդարման արվեստ» և «Քույրական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: