Նոյեմբերի 25-27-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը։ Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի որակի պատասխանատու Լիլիթ Աբելյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս Օլյա Ավետիսյանը, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Մերի Հովսեփյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ, ռեսուրսների դիտարկումներ և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների և գործատուների, ամբիոնների վարիչների,դասախոսների, որակի պատասխանատուի, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Տեղի են ունեցել մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» և «Դերասանական արվեստ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: