Նոյեմբերի 13-16-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Քրիստինե Հակոբյանը: Խմբի անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնոլոգիաների կառավարման ամբիոնի դասախոս, ՀՀ ՏԿԵՆ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ասպիրանտ Խաչիկ Շահբազյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արամ Հակոբյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են ուսումնարանի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում, հանդիպումներ են ունեցել ուսումնարանի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների, ամբիոնների վարիչների, դասախոսների, վարպետների, գործատուների, ուսանողների և շրջանավարտների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:
Այսօր մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Խոհարական գործ», «Ռադիոէլեկտրոնիկայի միջոցների տեխնիկական սպասարկում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով արհեստագործական ուսումնարանի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող առաջին նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն մատուցող ուսումնական հաստատությունն է: