Նոյեմբերի 4-6-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացրել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է մանկավարժական գիտությունների թեկնածու, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։ Խմբի մյուս անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Նաիրա Արշակյանը, ՀՊՏՀ ուսանող Ալբերտ Թադևոսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։ Փորձագիտական խումբն իրականացրել է նաև դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զբոսաշրջություն (ըստ ճյուղերի)», «Դեղագործություն» և «Խոհարարական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: