Ուսանող-փորձագետների պատրաստման համար ՈԱԱԿ-ում մեկնարկել է «Ուսանողության ձայն» նախագծի հերթական դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ուսանողներ հետևյալ բժշկական ուսումնական հաստատություններից․
- Ավանդական բժշկության համալսարան,
- Հայկական բժշկական ինստիտուտ,
- Երևանի հենակետային բժշկական քոլեջ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողների հետ քննարկվել են բժշկական կրթության կազմակերպման առանձնահատկությունները և որակի ապահովման համակարգի դերը արժանահավատ որակավորումների շնորհման նպատակով։
Հանդիպման առանցքում էին նաև ուսումնական պրակտիկաների կազմակերպման առնաձնահատկությունները․
- ի՞նչ տեսակ առաջադրանքների կարիք ունեն ուսանողները մասնագիտական գործնական հմտությունների ձևավորման համար,
- արդյո՞ք գործնական առաջադրանքների քանակը բավարար է ուսումնառության ընթացքում կոնկրետ մասնագիտական հմտություն ձևավորելու համար,
- ինչպիսի՞ն պետք է լինեն հետազոտությունները բժշկական ոլորտում՝ հնարավորություն տալով ուսանողներին ավելի շատ փորձելու և գտնելու իրենց աշխատանքն ուրիշ ձևով անելու տարբերակներ։
Հանդիպման երկրորդ հատվածում Նախագծի համակարգող Մերի Բարսեղյանը ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման առանձնահատկությունները, որը երկկողմանի սովորելու գործընթաց է հավատարմագրվող ուսումնական հաստատության և փորձագիտական խմբի համար։ Քննարկվեց նաև ուսանողի դերը որակի ապահովման գործընթացներում։
Նշենք՝ ՈԱԱԿ-ը 2011 թվականից սկսած վերապատրաստում է ուսանող-փորձագետների կրթական հաստատությունների հավատարմագրման գործընթացներում ներգրավելու և որակի ապահովման մշակույթը ուսանողների շրջանում տարածելու համար։ Այս անգամ նախատեսված է վերապատրաստման ծրագիրը ադապտացնել բժշկական ոլորտի ուսանողների կրթական հենքին․ ուսանողները կուսումնասիրեն որևէ բժշկական ուսումնական հաստատության ինքնավերլուծություն, կիրականացնեն նախնական գնահատում և դերային խաղերի միջոցով կպատրաստվեն փորձագիտական այցերին։ Վերապատրաստված ուսանող-փորձագետներից լավագույնները կընդգրկվեն բժշկական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացներում։