Հոկտեմբերի 11-ին ՈԱԱԿ-ում կայացավ հանդիպում Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի, Սևանի բազմագործառույթային պետական քոլեջի, Վանաձորի պետական բժշկական քոլեջի և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի հավատարմագրման շրջանակում ձևավորված փորձագիտական խմբերի հետ։ Հանդիպման նպատակն էր փորձագիտական խմբերի հետ քննարկել նախնական գնահատման, ռեսուրսների դիտարկման և դասալսումների արդյունքներից դուրս բերված նախնական հիպոթեզները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց կրթության որակի ապահովման փորձագետների դերը՝ որպես կրթական խնդիրներին լուծումներ առաջարկողների։ Փորձագիտական այցերի ընթացքում կարևորվելու են նաև ուսանողի մասնագիտական, վերլուծական մտածողության ձևավորման ընթացքը, գործնական կարողությունների ուղղորդված զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջին մասնագիտական կրթությանն առնչվող մի շարք հարցեր․
- Քոլեջներում ստուգման թերթիկների (check list) օգնությամբ առաջադրանքների կատարումը։
- Ժամանակի պահանջներին և երիտասարդ սերնդի հետաքրքրություններին համապատասխան կրթական նորամուծությունների իրականացումը։
- Քոլեջներում դասախոսների՝ թիմային ուսուցման մոդելի կարևորությունը ։
Նշենք՝ հաջորդ շաբաթ մեկնարկում են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի, Սևանի բազմագործառույթային պետական քոլեջի և Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի փորձագիտական այցերը, իսկ հոկտեմբերի 23-ից՝ Վանաձորի պետական բժշկական քոլեջի այցը։