Ինչպե՞ս է իրականացվում հավատարմագրումը Ղազախստանում, ի՞նչ սկզբունքներով են գործում փորձագիտական խումբը և հավատարմագրման գործընթացի համակարգողը, ինչպե՞ս է կազմվում փորձագիտական զեկույցը բուհ այցից հետո, ինչպե՞ս կարող է ղազախական փորձն օգտակար լինել Հայաստանում որակի ապահովման գործընթացների բարելավման տեսանկյունից, և ինչպե՞ս կարելի է ընդլայնել հայ-ղազախական համագործակցությունը, ի՞նչ ծրագրեր կարող է իրականացնել ՈԱԱԿ-ը Ղազախստանում․ այս հարցերն էին այսօր ՈԱԱԿ-ում տեղի ունեցած աշխատաժողովի օրակարգում։
Որպես դիտորդներ ղազախական երկու բուհերում ծրագրային հավատարմագրմանը մասնակցած ՈԱԱԿ մասնագետներ Վարդուհի Գյուլազյանը և Լիլիթ Պիպոյանը ներկայացրեցին ձեռք բերված փորձը, զուգահեռներ անցկացրեցին հավատարմագրման և որակի ապահովման գործընթացների միջև Հայաստանում և Ղազախստանում, ինչպես նաև ուրվագծեցին հնարավոր համագործակցության հեռանկարները։
Ծավալվեց մասնագիտական քննարկում։
Նշենք, որ մասնակցությունը ղազախական բուհերի հավատարմագրման գործընթացին տեղի է ունեցել «Էրազմուս+»-ի C3QA ծրագրի շրջանակներում։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։