Ապրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):
Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս, փորձագիտական այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են այն:
Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի:
Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև ապրիլի 26-ը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ:
Միջազգային փորձագետները Բելգիայից են:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven) համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Ժան Կորնելիսը Բրյուսելի ազատ համալսարանի (Vrije Universiteit Brussel) միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, նաև 4 պատենտների համահեղինակ է:
Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին`Գյումրիի մասնաճյուղ:
Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ:
Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ: