Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում իրականացրեց եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ, որով մեկնարկվեց հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը: Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային Համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:
Այդ սեմինարների շարքի շրջանակում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի` Ռուբեն Թոփչյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր մանրամասն ծանոթանալ ուսանողների խնդիրներին, արձագանքել դրանց և հստակեցնել ուսանողների դերը ինքնավերլուծություն իրականացնելու գործում:
Ուսանողների թվում էին Արմինե Ճաղարյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, Գոռ Սալնազարյանը Երևանի պետական Կոնսերվատրիայից, Արփինե Մկրտչյան Երևանի պետական լեզվաբանական համալսարանից, Արարատ Աթեյան Հայաստանի պետական ագրարային համալսարանից, Ռիմա Այդինյան Երևանի Գլաձոր համալսարանից, Հարություն Ազգալդյան Երևանի պետական համալսարանից:
Հանդիպմանը քննարկվեցին ուսումնառության արդյունքներին, ուսանողի ուղեցույցին, որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերին վերաբերող հարցեր:
Այսպես, ուսանողներից շատերը դժգոհեցին, որ իրենց հստակ չեն ներկայացվում ուսումնառության արդյունքները: Հետաքրքիր էր հատկապես ուսանողներից մեկի կարծիքը. «Եթե իմանայի, թե որն է լինելու իմ ուսման արդյունքը, միգուցե և չընդունվեի այն ֆակուլտետը, որտեղ այժմ սովորում եմ»: Նրանք առաջարկում էին ուսանողական ուղեցույցները ավելի հստակ և հասկանալի դարձնել, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ուսանողներին ներկայացվող պահանջները, այլև ուսումնառության արդյունքները և այն առարկաները, որոնք պետք է ուսումնասիրվեն ամբողջ ուսումնական գործընթացում:
Ուսանողները մտահոգող խնդիրներից էր կրթական ծրագրերում ներառված առարկաները, որոնք իրենց պետք չեն գալիս, նրանք նշեցին նաև, որ իրենք հստակ չգիտեն, թե այս կամ այն առարկայի նպատակը որն է:
Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության մասին: ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց ուսանողների մասնակցությունը որակի ապահովման գործընթացին, քանի որ վերջինիս անմիջական շահառուն ուսանողն է:
Հանդիպման վերջում ուսանողները նշեցին, որ սեմինարներին ստացած տեղեկությունը նպաստեց իրենց իրավունքների և պարտականությունների առավել հստակ պատկերացմանը: Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ՈԱԱԿ-ի հետ և ընդգրկվել ՈԱԱԿ-ի Ուսանողության Ձայն ծրագրում: