«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հավատարմագրված բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
Հանդիպման նպատակն էր շահակիցներից առաջարկություններ ստանալ ՈԱԱԿ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի առաջնահերթությունների վերաբերյալ, տեղեկանալ հավատարմագրում ստանալուց հետո բուհերում ծավալված գործունեության մասին, ի մի բերել հավատարմագրման ազդեցության արդյունքները:
Բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ զրույցում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ ՈԱԱԿ-հավատարմագրված բուհեր արդյունավետ կապի համար հանդիպումները կլինեն պարբերական: Պարոն Թոփչյանը մասնակիցներին նաև տեղեկացրեց, որ ՈԱԱԿ-ն առաջիկայում դիմելու է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության համար. նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարներն, իրենց հերթին, ներկայացրեցին, թե որակի ապահովման կենտրոններն ինչ գործունեություն են ծավալել իրենց բուհի հավատարմագրում ստանալուց հետո, ինչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման պլանի իրագործման ուղղությամբ:
Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման գործընթացին, բուհերում այդ ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին: