Մարտի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հյուսիսային համալսարանի և Երևանի «Գլաձոր» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, տվյալ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:
Յուրաքանչյուր բուհի դեպքում կքննարկվեն փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցած խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Այնուհետև դռնփակ նիստում Հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի:
Ըստ գործող հավատարմագրման կարգի`հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել` հավատարմագրել (4 կամ 6 տարով), պայմանական հավատարմագրել (2 տարի ժամկետով) կամ չհավատարմագրել:
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ: Իսկ պայմանական հավատարմագրում ստացած բուհերը վեց ամիսը մեկ պետք է գրավոր զեկույց ներկայացնեն ՈԱԱԿ-ին փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում բուհը զրկվում է պետության կողմից հատկացվող ֆինանսավորումից, մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: