Հուլիսի 15-17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հրավերով ՀՀ-ում էր Գերմանական որակի ապահովման գործակալությունը (AQAS)՝ քննարկելու համատեղ միջազգային հավատարմագրումների իրականացման հնարավորությունները ՀՀ բուհերում։
Հուլիսի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ համատեղ միջազգային հավատարմագրման գործընթացի առանձնահատկություններին նվիրված աշխատաժողով։ Աշխատաժողովին մասնակեցեցին 28 հավատարմագրված բուհերից շուրջ 60 ներկայացուցիչներ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծեց․ «Անհրաժեշտ է խթանել միջազգային համատեղ հավատարմագրման գործընթացները ՀՀ բուհերում՝ մեր կրթությունը և շրջանավարտներին մեկ քայլով էլ մոտեցնելու միջազգային աշխատաշուկային»։
AQAS գործակալության գործադիր տնօրեն Դորիս Հերրմանն ընդգծեց, որ ՈԱԱԿ-ի հետ նախկինում համագործակցության արդյունավետ փորձեր եղել են։ Տիկին Հերրմանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ ՈԱԱԿ-ը հավատարմագրման բոլոր գործընթացներում ներգրավում է միջազգային փորձագետներ, ինչը յուրահատուկ հնարավորություն է տալիս հայաստանյան բուհերին՝ ստանալու բազմակողմանի արձագանք միջազգային փորձագետներից։
Աշխատաժողովի ընթացքում գերմանական որակի ապահովման գործակալությունը ներկայացրեց համատեղ միջազգային հավատարմագրման առանձնահատկությունները՝ դրանք բանաձևելով հետևյալ կերպ․
- ազգային և միջազգային չափանիշների համադրում՝ հիմք ընդունելով երկու գործակալությունների չափանիշների համահունչությունը Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG),
- մեկ փորձագիտական այցի իրականացում տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ՝ ներառելով ոլորտային գործատուներ երկու երկներից,
- մեկ փորձագիտական զեկույց՝ բարելավմանը միտված խորհրդատվություններով,
- երկու գործակալությունների կողմից կայացված և միջազգայնորեն ճանաչված որոշումներ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև համատեղ հավատարմագրման առավելությունները․
- ոլորտային միջազգային պահանջների հիման վրա գնահատում և հետադարձ կապ բուհերին,
- ՀՀ բարձրագույն կրթության միջազգային ճանաչում և շարժունության հնարավորությունների ընդլայնում,
- ինստիտուցիոնալ կառավարման և կրթական ծրագրերի իրականացման գնահատում մեկ գործընթացի շրջանակներում։
Հարց-պատասխանի ընթացքում մասնակից բուհերի ղեկավար կազմը և որակի ապահովման պատասխանատուները հարցեր հղեցին համատեղ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման հնարավորությունների, գործընթացի իրականացման ժամկետների, որոշումների կայացման մեխանիզմների վերաբերյալ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2023 թվականին ֆրանսիական HCERES կազմակերպության հետ համատեղ ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։