Ուսանողների հետ պարբերական հանդիպումների շրջանակներում սեպտեմբերի 12-ին ՈԱԱԿ-ը հյուրընկալեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի «Կառավարում» և «Կրթական գիտություններ» մագիստրոսական ծրագրերի ուսանողներին։
Ուսանողների հետ քննարկման առանցքում էին կրթության կազմակերպման մարտահրավերները, մասնավորապես՝ գիտելիքի ստուգման, թեստավորման արդյունավետ մեխանիզմների և հաղորդակցության միջոցով գնահատման գործընթացների հիմնահարցերը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց ուսումնական հաստատությունների կողմից ուսանողների մոտ համակարգային մտածողության ձևավորումը, որը հնավորություն կտա բարձրագույն կրթական համակարգում առկա խոշոր խնդիրները վերլուծելու և թիրախային լուծումներ առաջարկելու։
Անդրադառնալով որակի ապահովման հիմնախնդիրներին՝ Ռ․ Թոփչյանը շեշտադրեց, որ ՈԱԱԿ-ի աշխատանքները միտված են մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի բարելավման մշակույթի ձևավորմանը և շարունակական զարգացմանը։ Այս համատեքստում առանձնակի կարևոր է փոփոխությունների կառավարման կարողություններ ունեցող կրթության կառավարիչների դերը։
Քննարկման ընթացքում մագիստրանտները ծանոթացան նաև ՈԱԱԿ-ում մասնագիտական գործունեություն ծավալելու առկա հնարավորություններին՝ պրակտիկաներ, մասնակցություն հավատարմագրման գործընթացների, ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացներ, թեզերի համատեղ ղեկավարումներ և այլն։