Նոյեմբերի 5-ին Երևանում Բրիտանական խորհրդի, ՀՀ ԿԳՄՍՆ և ՈԱԱԿ համագործակցությամբ անցկացվեց «Գլոբալացում՝ բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանում» խորագրով ֆորումը։ Միջոցառմանը ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության կրթական փորձն ու տեսլականները բարձրագույն կրթության որակի ապահովման և միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ ու ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրին համատեղ հավատարմագրումների ՈԱԱԿ-ի փորձը, շեշտադրեցին արտաքին գնահատման համատեղ գործընթացների առավելությունները և ազդեցությունը հաստատություններում որակի ապահովման համակարգի կայացման ու միջազգայնացման ուղղությամբ։
Ընդգծվեց, որ ՈԱԱԿ-ը ֆրանսիական HCERES գործակալության հետ համատեղ հավատարմագրում է իրականացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանում և գերմանական AQAS գործակալության հետ համատեղ հավատարմագրում է մեկնարկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։
Համատեղ հավատարմագրման գործընթացները ներառում են միասնաբար մշակված մոտեցումներ՝ հայաստանյան և միջազգային փորձագետների ու գործատուների մասնակցությամբ, ինչն ապահովում է բազմակողմանի և թափանցիկ գնահատում։
Համատեղ հավատարմագրումների շնորհիվ բուհերն ունեն հնարավորություն՝
- գնահատվել ազգային և միջազգային ոլորտային չափանիշներով, որոնք նպաստում են կրթության որակի բարձրացմանը և միջազգային ճանաչելիությանը,
- ստանալ միասնական զեկույց բարելավման առաջարկներով,
- ունենալ հավատարմագրման մասին երկու որոշում՝ հայաստանյան և օտարերկրյա հավատարմագրման գործակալությունից։
Միջոցառման շրջանակներում բրիտանացի փորձագետներն անդրադարձան անդրազգային կրթությանը որպես միջազգային համագործակցության միջոց, Times Higher Education-ի գլխավոր հետազոտողը՝ ՀՀ բուհերում անդրազգային կրթության ցուցանիշներին, ինչպես նաև ՄԹ Որակի ապահովման գործակալության գործունեությանը և արդյունքներին։
Ֆորումի ավարտին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ՈԱԱԿ-ի և Միացյալ Թագավորության Որակի ապահովման գործակալության (QAA) միջև։ Հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը՝ նպաստելով որակի մշակույթի տարածմանը և գիտելիքի ու փորձի փոխանակմանը երկու երկրների կրթական համակարգերում։