Ինչպե՞ս մոտիվացնել դասախոսին և ուսանողին, արդյունավետ պլանավորել ուսանողի առաջընթացը և ապահովել շնորհած որակավորումների արժանահավատությունը։ Այս հարցերն էին հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցած «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողովի առանցքում։
Համաժողովի կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է, որը մեկ տեղում էր հավաքել ուսանողներին, դասախոսներին, կրթության որակի ապահովման մասնագետներին՝ քննարկելու կրթական համակարգի արդիական խնդիրները և լուծման որոշակի մոտեցումներ ուրվագծելու համար։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահություն հայտնեց, որ քննարկվող խնդիրներին կան լուծումներ, որոնք ի վերջո դրական արդյունք կապահովեն։
Կարևորելով ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը՝ պարոն Թոփչյանը նշեց է, որ բուհերը հաճախ են ասում՝ ութերով ընդունվողներին չեն կարող տասնութերով ավարտող շրջանավարտ դարձնել։ Նա նշեց, որ ողջ աշխարհում այդ խնդիրը կա․ բարձրագույն կրթության հանրայնացման արդյունքում երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։ Նրա խոսքով՝ աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել։
Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձ, եղան թեմատիկ հարցեր ու քննարկումներ։
Անդրադառնալով շնորհած որակավորումների արժանահավատությանը՝ Ռ․ Թոփչյանը նշեց, որ բուհում ուսանողն ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցնի աշխատաշուկայի պահանջներին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայում իրավիճակն այլ է՝ գործատուն բուհերից ակնկալում է շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։ «Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- ասաց պարոն Թոփչյանը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակավորումների արժանահավատության խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում՝ աջակցելով բուհերի որակի ներքին ապահովման կենտրոններին խնդիրը բարձրաձայնել, հասցնել մինչև կառավարման խորհուրդներ և խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։
Կրթական գործընթացի արդյունավետության բաղադրիչներից է նաև դասախոսի և ուսանողի մոտիվացիան։ Շահակիցների մասնակցությամբ քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ դասախոսի համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։ Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ բուհերը պետք է խրախուսեն դասախոսներին, որոնք հետազոտում են հենց ուսուցման և ուսումնառության հետ կապված խնդիրները, փորձում դրանց համար լուծում գտնել։ Հետազոտող դասախոսը ոչ միայն իր ներդրումը կունենա կրթական խնդիրների լուծման ուղիների մշակման գործում, այլ նաև ճանաչում ձեռք կբերի, ինչը լրացուցիչ մոտիվացիա կապահովի։
Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՈԱԱԿ տնօրենը նշեց, որ այն ծառայել է իր նպատակներին․ «Տեղի ունեցավ բաց քննարկում, բարձրացվեցին շատ սուր հարցեր, տարբեր մոտեցումներ արտահայտվեցին։ Նման քննարկումներն էլ բերում են որոշակի լուծումների և որակի ապահովման»։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իր հիմնադրման 10-մյակի առթիվ 2019-ը հայտարարել է որակի տարի։ Այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն էր։
Որակի տարվա առաջին միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 22-ին․ ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում թեյախմություն տեղի ունեցավ ԿԳ նախարարի, ՈԱԱԿ տնօրենի և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների մասնակցությամբ։ Քննարկվեցին բուհերի խնդիրները, մասնավորապես բուհերի կառավարման արդյունավետության և ուսումնական հաստատություններում որակի ապահովման կենտրոնների դերի բարձրացմանն առնչվող հարցեր։
Իսկ մարտի 1-ին տեղի ունեցավ համաժողով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովում քննարկվեց, թե ինչպես կարող են քոլեջները գործատուների հետ արդյունավետ հաղորդակցություն ձևավորել։
ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։