Արդյո՞ք քոլեջները ռազմավարական կառավարում են իրականացնում, ինչպե՞ս են համագործակցում գործատուների հետ և ինչպե՞ս են որակյալ դասախոսական կազմ հավաքագրում, որքանո՞վ են նրանց շրջանավարտները պահանջված աշխատաշուկայում, արդյո՞ք քոլեջները մասնագետներ պատրաստելիս առաջնորդվում են մարզի զարգացման ռազմավարական ծրագրով․ այս և այլ հարցեր էին այսօր տեղի ունեցած ՈԱԱԿ մասնագետների և մեկ տասնյակ քոլեջների տնօրենների և որակի պատասխանատուների առցանց հանդիպման օրակարգում։
Պետական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրումը ֆինանսավորելու է ԿԳՄՍ նախարարությունը։ Գործընթացը նախատեսվում է իրականացնել 2020-2023թթ․։ Ընթացիկ տարում հավատարմագրման գործընթացներ են իրականացվելու 5 քոլեջներում։
Արտաքին գնահատման և պետական միջոցների օգտագործման արդյունավետության տեսանկյունից ՈԱԱԿ-ը կարևորում է, որ հավատարմագրվող քոլեջներն արդեն իսկ որոշակիորեն ռազմավարական կառավարում ունենան։ Պահանջներին համապատասխանող ՄՄՈՒՀ-երը բացահայտելու նպատակով ՈԱԱԿ-ն ավելի վաղ քոլեջներին հարցաշար էր ուղարկել։
Ներկայացված տվյալների հիման վրա ընտրվել են 11 քոլեջներ, որոնց ներկայացուցիչների հետ և առցանց քննարկումներ են տեղի ունենում։
Այսօրվա և հաջորդող քննարկումների արդյունքում ընտրվելու են 5 քոլեջներ, որտեղ ռազմավարական կառավարում է իրականացվում և որոնք մյուսներից ավելի են պատրաստ հավատարմագրմանը։
ՈԱԱԿ-ն այս ընթացքում ինտենսիվ կաշխատի նաև մյուս քոլեջների հետ՝ խրախուսելու ռազմավարական կառավարման ներդրումը և նախապատրաստելու նրանց արտաքին գնահատմանը։